Սա կլինի պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և աշխարհի համար. Թրամփ

«Սպասում եմ հյուրընկալել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սպիտակ տանը՝ պատմական խաղաղության գագաթնաժողովի համար», - Truth social ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:։

«Իմ վարչակազմը բավական երկար ժամանակ աշխատել է երկու կողմերի հետ։ Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար։ Միացյալ Նահանգները կստորագրի երկկողմ համաձայնագրեր երկու երկրների հետ՝ միասին տնտեսական հնարավորություններ հետապնդելու համար, որպեսզի լիովին բացահայտենք Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը», - նշել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն ընդգծել է՝ «սա կլինի պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար»:

Վաշինգտոնում նախատեսվում է Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպում:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ առանձին հանդիպումներից հետո ԱՄՆ նախագահը հայտարարությամբ հանդես կգա, հայտնել է մերձավորարևելյան հարցերով ամերիկացի վերլուծաբան Մայքլ Սքոթ Դորանը:

Հայկական կողմը պաշտոնապես միայն փոխանցել է ԱՄՆ նախագահի և Հայաստանի վարչապետի երկկողմ ու Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հանդիպման մասին տեղեկությունը, ոչ մի խոսք՝ արդյոք այդ հանդիպումների արդյունքներով նախատեսվում է փաստաթղթի ստորագրում կամ հայտարարություն:

Միջազգային լրատվամիջոցները, սակայն, գրում են, որ հանդիպումը կավարտվի խաղաղության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Reuters. «Հայաստանով անցնող ճանապարհի զարգացման բացառիկ իրավունքը տրամադրվելու է ԱՄՆ-ին»