Մատչելիության հղումներ

Reuters. «Հայաստանով անցնող ճանապարհի զարգացման բացառիկ իրավունքը տրամադրվելու է ԱՄՆ-ին»

Լրացված

Վաղը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավիրած հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ կավարտվի խաղաղության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, որով ԱՄՆ-ն բացառիկ իրավունքներ կստանա Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցքի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

ԱՄՆ պաշտոնյաները, անանուն մնալու պայմանով, Reuters-ին ասել են, որ այդ շրջանակային համաձայնագիրը հնարավորություն կտա հասնել «խաղաղության կոնկրետ ուղու», ինչպես նաև լուծել տևական ժամանակ քննարկվող տարանցիկ ճանապարհի հարցը։

«Ադրբեջանը խնդրել է տրանսպորտային միջանցք՝ Հայաստանի տարածքով Նախիջևանին կապվելու համար», - ասել են ամերիկացի պաշտոնյաները։

Reuters-ը մանրամասնում է՝ առաջնորդների կողմից ուրբաթ օրը ստորագրվելիք փաստաթղթի մանրամասն բանակցված բաժնում Հայաստանը ծրագրում է Միացյալ Նահանգներին տալ տարանցման միջանցքի զարգացման բացառիկ իրավունքները՝ երկար ժամանակահատվածով։ Թե կոնկրետ քանի տարով՝ չի հստակեցվում, նշվում է միայն, որ այն կոչվելու է «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ Այն հայտնի կլինի TRIPP հապավումով, ասել են պաշտոնյաները։

Առաջիկա բանակցությունների վերաբերյալ բացառիկ մանրամասներ է հրապարակել նաև Վաշինգտոնում աշխատող արդբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, ով առաջինն էր հաղորդել վաղը Սպիտակ տանը կայանալիք հանդիպման լուրը։

Kyivpost-ում հրապարակած հոդվածում Ռաուֆօղլուն պնդում է, որ ամիսներ տևած լարված, կուլիսային բանակցությունների ավարտին կազմակերպվող այս գագաթնաժողովը «վերաձևավորելու է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտը՝ ԱՄՆ-ին դարձնելով կենտրոնական խաղացող տարածաշրջանում, որը տևական ժամանակ գտնվում էր Ռուսաստանի և Իրանի գերիշխանության տակ»։

Ըստ այս աղբյուրի, վաղը Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը կստորագրեն մի քանի կարևորագույն փաստաթղթեր՝ նախագահ Թրամփի ներկայությամբ, այդ թվում՝

  • Համատեղ հռչակագիր, որը կձևակերպի «խաղաղության կոնկրետ ուղին» և հարաբերությունների լիակատար կարգավորումը;
  • Խաղաղության համաձայնագրի նախաստորագրում. Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրելու են մարտին համաձայնեցված տեքստը;
  • Մինսկի խմբից դուրս գալու համատեղ նամակ;
  • Նոր, երկկողմ հուշագրեր, որոնցով ԱՄՆ-ը նոր թափ կհաղորդի Հայաստանի ու Ադրբեջանի հետ իր հարաբերություններին։


Ադրբեջանցի լրագրողի աղբյուրները ևս հաստատել են, որ գործարքի առանցքում Սյունիքով անցնող ճանապարհն է։ «Այս նորարությունը նախատեսված է կողմերի միջև ամենավիճահարույց խնդիրը՝ հաղորդակցության ուղիների հարցը լուծելու համար», - ասել են Սպիտակ տան պաշտոնյաները: Հաղորդումներում, սակայն, չի հստակեցվում՝արդյոք այս գործարքով կբացվեն տարածաշրջանի բոլոր ճանապարհները։

Reuters-ը նշում է, որ Ադրբեջանը նախիջևանին կապող այս ճանապարհը գործարկվելու է Հայաստանի օրենսդրության համաձայն: «Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալության կհանձնի կոնսորցիումի՝ ենթառուցվածքների ու կառավարման համար»։ Թե ինչ կոնսորցիումի մասին է խոսքը, չի հստակեցվում։

Kyivpost-ի հոդվածագիրը ևս, հղում անելով իր աղբյուրներին, նշում է՝ TRIPP-ը Հայաստանի տարածքով Ադրբեջանին անարգել մուտք կտա դեպի Նախիջևան, միաժամանակ հավելում, թե ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ այդ ճանապարհը կապահովի «Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և օրենսդրությունը»։

Ըստ Kyivpost-ի՝ համաձայնագրերը կարող են շարունակվել ավելի քան 50 տարի, և կոնկրետ ժամկետները հստակեցնելու շուրջ այժմ դեռ բանակցություններ են ընթանում։

Թե՛ Reuters-ը, թե' Kyivpost-ը ընդգծում են, որ TRIPP-ը տնտեսական ու առևտրային նախաձեռնություն է։ «Ամերիկան չի տալիս կոշտ անվտանգային երաշխիք և չի տեղակայում ուժեր ճանապարհին։ ԱՄՆ-ը կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու «անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար»՝ «բարձրակարգ օպերատորների» հետ համաձայնագրերի միջոցով», - պնդում է Kyivpost-ի հոդվածագիրը։

Չլուծված հարցեր

Հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին՝ Ալեքս Ռաուֆօղլուն պնդում է, թե կողմերի միջև դեռ չհամաձայնեցված երկու հարց կա․ մեկը Հայաստանի պահանջն է՝ Ադրբեջանում գտնվող բանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ, երկրորդը՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու՝ Ադրբեջանի պահանջը:

ԱՄՆ պաշտոնյաներն ընդունել են, որ սրանք դժվարին հարցեր են, միաժամանակ հավելել, թե ԱՄՆ վարչակազմի ռազմավարությունն է նախ կողմերին դնել խաղաղության ճանապարհի վրա, ինչը, նրանց համոզմամբ, հետագայում կստեղծի ավելի լավ միջավայր՝ այս վիճելի հարցերը լուծելու համար։

Գաղտնի բանակցություններ

Reuters-ը պնդում է, որ դեպի եռակողմ հանդիպում տանող այս առաջընթացը սկսվել է մարտից, երբ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այցելել է տարածաշրջան։ Ըստ գործակալության, հետագայում նաև Ուիթքոֆի թիմի անդամներն են մի քանի անգամ եղել Հարավային Կովկասում՝ համաձայնագրի կնքմանը նպաստելու համար։

Kyivpost-ը ևս պնդում է, որ բեկումը եղել է Սթիվ Ուիթքոֆի՝ փետրվարի վերջին Բաքու կատարած այցի ժամանակ, որտեղ «նշանակալից կապ» է ձևավորվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ամերիկացի պաշտոնյաներն ընդգծել են, որ առաջընթացին նպաստել է նաև «ներկայիս աշխարհաքաղաքական մթնոլորտը»։

«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Իրանը շեղված են այլ գլոբալ խնդիրներով, ինչը եզակի հնարավորություն է ստեղծել երկու երկրների համար՝ խաղաղության ուղղությամբ «խիզախ քայլ» կատարելու», - ասել են նրանք։

«Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ հանդիպումը տեղի է ունենում ճիշտ այն օրը, երբ լրանում է Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի նախագահին տրված վերջնաժամկետը՝ Ուկարինայում պատերազմը դադարեցնելու համար», - նկատում է Reuters-ը։

Kyivpost-ի հետ զրույցում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն, այդուամենայնիվ, պնդել են, թե սա պատահական համընկնում է և նախապես չի ծրագրվել։

Աբրահամի համաձայնագրեր-2

Թե՛ Reuters-ի, թե' Ալեքս Ռաուֆօղլուի աղբյուրները պնդում են` ԱՄՆ պաշտոնյաները հույս ունեն, որ Հայաստանի հետ խաղաղության ուղղությամբ այս հանդիպումը կարող է հիմք դառնալ, որ Ադրբեջանը միանա Աբրահամի համաձայնագրերին, որոնք Թրամփի վարչակազմը համարում է առաջնահերթություն և գործիք՝ այս կամ այն երկրի հետ տնտեսական ու պաշտպանական համագործակցության խորացման համար։

«Ամերիկացի պաշտոնյաները նշում էին, որ խաղաղության այս նոր նախաձեռնությունը կարող է դառնալ մոդել ավելի լայն «խաղաղության շրջանակի» համար՝ միավորելով այն երկրները, որոնք ամուր հարաբերություններ ունեն Իսրայելի հետ և հանձնառու են տարածաշրջանային կայունությանը», - գրում է Ալեքս Ռաուֆօղլուն։

Ավելի վաղ իսրայելական աղբյուրները հաղորդել էին, թե Նեթանյահուի վարչակազմը ցանկանում է եռակողմ համագործակցության ձևաչափ ստեղծել՝ Նահանգների, Իսրայելի ու Ադրբեջանի միջև։

Kyivpost-ի ադրբեջանցի հոդվածագիրը փաստում է, որ մինչ դիվանագետները խոսում են իրենց հաջողության մասին, իրավապաշտպանները ու միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնում ԱՄՆ-ի՝ Ադրբեջանին մերձենալու վերաբերյալ։

«Քննադատները պնդում են, որ այս նոր դիվանագիտական ներգրավվածությունը կարող է խաթարել տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության ԱՄՆ ջանքերը», - գրում է Ռաուֆօղլուն, փաստելով՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը, միջազգային կառույցները բազմիցս քննադատել են Ալիևի կառավարությանը անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների, քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների և դատական անկախության բացակայության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG