Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ժամանել է Միացյալ Նահանգներ:
Նա տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցում՝ կից գրելով, որ այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան՝ նվիրելով Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը:
Վաղը Վաշինգտոնում նախատեսվում է Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպում:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ առանձին հանդիպումներից հետո ԱՄՆ նախագահը հայտարարությամբ հանդես կգա, հայտնել է մերձավորարևելյան հարցերով ամերիկացի վերլուծաբան Մայքլ Սքոթ Դորանը:
Հայկական կողմը պաշտոնապես միայն փոխանցել է ԱՄՆ նախագահի և Հայաստանի վարչապետի երկկողմ ու Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հանդիպման մասին տեղեկությունը, ոչ մի խոսք՝ արդյոք այդ հանդիպումների արդյունքներով նախատեսվում է փաստաթղթի ստորագրում կամ հայտարարություն:
Միջազգային լրատվամիջոցները, սակայն, գրում են, որ հանդիպումը կավարտվի խաղաղության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ: