Խաղաղության պայմանագիր
Թեև Հայաստանն ու Ադրբեջանը մարտից համաձայնեցրել են Խաղաղության պայմանագիրը, սակայն Վաշինգտոնում, ըստ դիվանագիտական աղբյուրների, Բաքուն ու Երևանը դրա տակ իրրենց ստորագրությունը չեն դնի։ Ակնկալվում է, որ կողմերը շրջանակային համաձայնագիր կստորագրեն արտգործնախարարների մակարդակով, որով կպարտավորվեն շարունակել աշխատանքը խաղաղության հասնելու ուղղությամբ, ինչպես նաև կամրագրեն, որ ստորագրումից հետո ետ չեն կանգնելու մինչ այժմ համաձայնեցված կետերից։ Այդ կետերով Հայաստանը մարտին ընդունել էր Բաքվի վերջին երկու պահանջները՝միջազգային ատյաններից հայցերը ետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու մասին։
Վաշինգտոն մեկնելուց շաբաթներ առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե նախաստորագրումը չի նշանակում վերջնական համաձայնություն։ «Մեկ բան է, երբ ասում ես, որ համաձայնության ենք եկել, այլ բան՝ երբ ստորագրում ես ամեն մի էջի տակ»,- ասել էր նա։
Անխոչընդոտ ճանապարհ՝ Ադրբեջանին
Սպիտակ տան աղբյուրների հաղորդմամբ, այսօր ստորագրվելիք փաստաթղթերով Միացյալ Նահանգները կստանա բացառիկ իրավունք՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի զարգացման համար, Բաքուն՝ անարգել ճանապարհ։ Հաղորդվում է, որ այդ ճանապարհը գործելու է ՀՀ օրենսդրության ու ինքնիշխանության ներքո։ Մյուս կողմից, ճանապարհի նկատմամբ իրավազորության ու ինքնիշխանության ամենակարևոր բաղադրիչների՝ ճանապարհով անցնող բեռների մաքսազերծման, ինչպես նաև անձնագրային ստուգման հարցերին առայժմ ոչ միջազգային մամուլի հրապարակումներն են պատասխանում, ոչ էլ Հայաստանի կառավարությունը. ո՞վ է իրականացնելու անձնագրային ստուգում, մաքսազերծում, արդյոք հայկական կողմի պատասխանատվության ներքո է մնում Հայաստանի տարածքով անցնող բեռների վերահսկողությունը։
Շաբաթներ առաջ՝ իր վերջին ասուլիսում, Իլհամ Ալիևը պնդել էր՝ այդ ճանապարհով անցնելիս ադրբեջանցիները ոչ միայն հայերի, այլև «որևէ մեկի երեսը չպետք է տեսնեն», և նրանց անվտանգությունը պետք է ապահովվի։
Արդյոք նույն պայմաններն են գործելու նաև հայերի ու հայկական բեռների համար, որոնք կանցնեն Ադրբեջանի տարածքով, ո՞վ է ապահովելու նրա’նց անվտանգությունը՝ այս հարցերը, ըստ դիվանագիտական աղբյուրների, մնում են անորոշ։
Ընդհանուր ապաշրջափակում կլինի՞
Թեև 2020-ի պատերազմից հետո հայկական կողմը խոսում էր տարածաշրջանի բոլոր ճանապարհներն ապաշրջափակելու մասին՝ շրջանառելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, այսօր ստորագրվելիք փաստաթղթերով կյանքի է կոչվում միայն Սյունիքով անցնող ճանապարհի հարցը։
Փաստացի ապաշրջափակման մասին որևէ դրույթ չկա նաև Խաղաղության պայմանագրում, քանի որ տեքստը համաձայնեցնելուց ամիսներ առաջ դեռ կողմերը հայտարարել էին, որ փոխադարձ համաձայնությամբ որոշել են նախագծից հանել «տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հոդվածը»:
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ 2020-ի պատերազմից հետո ստեղծվել էր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերով հանձնաժողով։ 2024-ից այս հանձնաժողովը նիստ չի արել, ինչպես փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր հայտնել՝ կոնսենսուսի բացակայության հետևանքով։
Այսօրվա բանակցություններից առաջ Խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը վստահեցել է՝ ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա` այսինքն «Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են Հայաստաանի լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո`Հայաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է ՀՀ օրենսդրության համաձայն»: Ռուբինյանը նաև փոխադարձության մասին է խոսում. - «Այսինքն եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար`փոխադարձ առավելություններով»:
Մինսկի խմբի լուծարում
Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված համատեղ նամակ կստորագրեն՝ ղարաբաղյան խնդրով զբաղվող միակ կառույցը լուծարելու համար։ Պահանջ, որ Իլհամ Ալիևը կրկնում էր 2020 թվականի պատերազմից ի վեր։ Հայաստանի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, թե պատրաստ է գնալ այդ քայլին, պայմանով, որ նույն տեղում, նույն պահին նաև Խաղաղության պայմանագիրը ստորագրվի։ Հակառակ դեպքում, զգուշացրել էր Փաշինյանը, կարող են կասկածներ առաջանալ, որ Ադրբեջանը, ղարաբաղյան հարցը փակելով, Արևմտյան Ադրբեջանի հարցը կբացի՝ Հայաստանի տարածքում։
Ակնկալվում է, որ այսօր, այդուամենայնիվ,հայկական կողմն իր ստորագրությունը կդնի Մինսկի խմբի լուծարման տակ՝ հրաժարվելով իր նախապայմանից՝ դա անել Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրմանը զուգահեռ։
Ղարաբաղ, արցախցիների վերադարձ, գերիներ
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո Հայաստանի ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։ Փակ է նաև արցախցիների վերադարձի հարցը. Հայաստանի իշխանությունը պնդում է, որ դա այսօր իրատեսական չէ, ապագայի վերաբերյալ էլ բանակցված փաստաթղթերում ակնարկ չկա։
Ըստ դիվանագիտական աղբյուրների, հայկական կողմին չի հաջողվում նաև Բաքվի համաձայնությունը կորզել Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցում։ Թրամփի վարչակազմը հույս է հայտնել, թե այսօր ստորագրվող մյուս փաստաթղթերը բարենպաստ միջավայր կստեղծեն այս խնդիրը հետագայում լուծելու համար։ Որևէ հստակ պարտավորություն, ժամկետներ, սակայն, ըստ այս պահին առկա տեղեկատվության, Ադրբեջանն այդ ուղղությամբ այսօր չի ստանձնի։
ՀՀ Սահմանադրության փոփոխությունը՝ օրակարգում
Բաքուն, ըստ դիվանագիտական աղբյուրների, չի հրաժարվել Հայաստանի Մայր օրենքը փոխելու պահանջից, և կողմերի միջև առկա տարաձայնություններն այս հարցում շարունակում են մնալ չլուծված։ Մինչ այդ Բաքուն հայտարարել էր, որ քանի դեռ այս պահանջը չի կատարվել, Խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Նախապայմանը, փաստացի, մնում է ուժի մեջ։
Այս հոդվածը թարմացվել է, ավելացվել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի մեկնաբանությունը: