Ուրբաթ օրը Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ և հայտարարել, որ Պեկինը ուրախ է տեսնել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների բարելավումը, այս մասին հայտնում են Չինաստանի պետական լրատվամիջոցները։
Սիի և Պուտինի միջև զրույցը տեղի է ունենում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների առաջիկա բանակցությունների նախաշեմին, որի ընթացքում կողմերը պատրաստվում են քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման ուղիները։
Չինական CCTV պետական հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների հեռախոսազրույցը տեղի է ունեցել Պուտինի խնդրանքով։ Աղբյուրը հայտնում է՝ Կրեմլի ղեկավարը ներկայացրել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «վերջերս տեղի ունեցած շփումները», ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։
«Չինաստանը ուրախ է տեսնել, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պահպանում են շփումները, բարելավում են իրենց հարաբերությունները և նպաստում ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը», - Սիի խոսքերն է մեջբերում CCTV-ն։
Լրատվամիջոցը տեղեկացնում է՝ Չինաստանի նախագահը նաև հավելել է, որ «բարդ հարցերը չունեն պարզ լուծումներ» և որ «Չինաստանը միշտ... կաջակցի խաղաղության հաստատմանը և բանակցությունների խթանմանը»։