Լոկառնոյի 78-րդ կինոփառատոնը երեկ երեկոյան բացվեց ֆրանսիաբնակ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով։ Ամենահեղինակավոր կինոհարթակներից մեկում՝ Պիացա Գրանդե բացօթյա հրապարակում ցուցադրվեց մի պատմություն, որում նուրբ թելով անցնում է Արցախի ողբերգությունը:
Լոկառնոյի սրճարանից Թամարա Ստեփանյանը իր հույզերով է կիսվում. - «Ութ հազար հոգի, իսկապես հիանալի պրեմիերա էր, շատ հուզիչ մի քանի պատճառներով. նախ՝ ներկայացնել Հայաստան, ներկայացնել հայ կինոն, հայ պատմությունը, մեր արցախյան տրավման այդքան մարդու առջև՝ դա շատ հուզիչ էր ինձ համար»:
«Արտոյի երկրում» չի հնչում ո՛չ Արցախ, ո՛չ Ղարաբաղ անունը: Ֆիլմում տեսնում ենք Արցախի՝ ավելի շուտ խորհրդանշական ներկայությունը. անորոշ, անգտնելի տարածք:
«Գիտե՞ք, ինձ համար շատ կարևոր է խոսել պատերազմի մասին՝ առանց պատերազմը ցույց տալու: Բայց ես ուզում էի հասկանալ ցավը, ես ուզում էի հասկանալ այդ տրավման և ուզում էի հասկանալ սերը: Եվ ինձ համար սա մի ֆիլմ է սիրո մասին՝ սեր դեպի անձը, սեր դեպի հայրենիքը, դեպի Արցախը մեր՝ մեր կորցրած Արցախը, դա մեր մեծ վերքն է այսօրվա: Բայց ուզում էի խոսել այդ նուրբ հարաբերությունների միջոցով, ուզում էի խոսել նուրբ այդ ... որ ասում են՝ էնքան բան կա չասված ֆիլմում, չէ՞, կամ շատ քիչ խոսք կա, կա շատ հայացք», - ասաց ռեժիսորը:
«Ես ոչինչ չգիտեի այդ պատերազմի մասին, ես գիտեի, թե մենք երջանիկ ենք»,
- ֆիլմի ֆրանսիացի հերոսուհու՝ Սելինի խոսքերն են, որ հայ ամուսնու մահից հետո գալիս է Հայաստան։ Արտոն ինքնասպան է եղել հենց 44-օրյայի ավարտին։ Երեխաներին Հայաստանի քաղաքացիություն տալու համար Սելինին ամուսնու ծննդականն է պետք, արխիվում էլ պարզում է՝ 25 տարի ապրել է մի մարդու հետ, որը թաքցրել է իր ով լինելը։ Արտոն 1993 թվականին կռվել էր Արցախյան առաջին պատերազմում, վիրավորվել, հետո արդեն հեռացել Ֆրանսիա։ Ինչպե՞ս այսքան հայկական թեման հետաքրքրեց Շվեյցարիային։
«Իմ կարծիքով՝ իրենք գիտեին, որ եղել են Հայաստանում կոնֆլիկտներ՝ կապված Ադրբեջանի հետ, կապված Թուրքիայի հետ, այսինքն՝ կապված Ցեղասպանության հետ, բայց շատ բան չգիտեին», - ասաց ռեժիսորը և հավելեց, որ թերևս ֆիլմն ընտրել են, «որպեսզի ինչ-որ պրոժեկտոր դնեն, լույս մեծ, բայց իրենք ուզում էին նույնպես այդ լույսը դնել մեր իրականության վրա»:
Կինոյի գաղափարը կար դեռ տասը տարի առաջ, երբ Արցախը հայկական էր, բայց այն նկարահանվեց արդեն Արցախի կորստից հետո... Եփվեց սցենարը, ասում է Թամարան, դարձավ իր անձնական ցավերի խառնարանը. 2020 թվականի սեպտեմբեր՝ սկսվեց պատերազմը, հոկտեմբեր՝ Թամարայի մոտ քաղցկեղ ախտորոշվեց, 2021-ի հունվար՝ մահացավ հայրը՝ դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը։
«Շատ անգամ տրագեդիան ստեղծում է արվեստ, և իմ կարծիքով՝ այդպես մի բան եղավ ինձ մոտ, և ես նորից սկսեցի գրել ֆիլմը, նորից սկսեցի աշխատել ֆիլմի վրա, և այս անգամ արդեն ես հասկացա՝ Արտոն ինքնասպան է լինում այդ ցավից, Արտոն ինքնասպան է լինում պարտությա՛ն ցավից», - ասաց Թամարա Ստեփանյանը:
«Իմ հոր համար նախ շատ էր պատերազմը, ես հիշում եմ՝ զանգում էր հայրս, ասում էր՝ «ո՞նց է դա հնարավոր, որ այսքան երիտասարդ մահանում է ամեն օր, և ոչ մեկ ոչինչ չի կարողանում անի», և այդ ցավը տարավ պապային: Պապան ինքնասպան չի եղել, բայց հայրս երեք օրվա մեջ մահացել է այնպիսի անհասկանալի իրավիճակում, որ այդտեղից ելնելով՝ ես որոշեցի, որ Արտոն ինքնասպան է լինում այդ ցավից, այսինքն՝ չընդունելով այդ ցավը պարտության», - նշեց ռեժիսորը:
Քաղաքական երկխոսության առիթ գուցե դառնա այս պատմությունը, խորհում է հայ ռեժիսորը՝ չբացառելով, որ թեման դեռ կշարունակվի. - «Շատ չեմ ասի, բայց այո, կա շարունակություն, և իմ կարծիքով՝ կարևոր է փրկել հանգուցյալներին»:
Ֆիլմի հայկական պրեմիերային դեռ մեկ տարի պետք է սպասենք՝ մինչև հասնի Ոսկե Ծիրանը։