7 տարի առաջ հարուցված մի քրեական վարույթի փաստերով այսօր երկու ամսով կալանավորվեց ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ:
Գործը վերաբերում է 2018 թվականին հարուցված քրեական վարույթին, ըստ որի՝ մինչև իշխանափոխությունը ՊԵԿ-ին պատկանող մաքսատան շենքում տարածք է տրամադրվել հանցավոր գործունեություն իրականացնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը:
Դեռ 2018-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, թե հանցավոր սխեմա են բացահայտել ու, որ այդ շղթայում նաև ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ են:
Այդ ժամանակ ԱԱԾ տարածած տեսանյութում ասվում էր, որ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից բեռնափոխադրում իրականացնող ընկերություններին պարտավորեցրել են այսուհետ ապրանքները մաքսազերծվել բացառապես 2017 թվականին Հայաստանում հիմնադրված «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության միջոցով:
«Հատկանշական է, որ գործունեություն ծավալելու համար «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ աշխատասենյակներ են տրամադրվել ՊԵԿ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսազերծման մասնագիտացած լուծարված մաքսատան շենքի տարածքում` ակնհայտորեն նպատակ հետապնդելով տնտեսվարողների մոտ այդկերպ ևս ընդգծել նշված ընկերության հատուկ արտոնյալ կարգավիճակը։ «Կարգո» ընկերությունները, ըստ էության չունենալով այլ տարբերակ, ընդունել են ֆինանսապես ոչ ձեռնտու համագործակցության առաջարկը և տեղափոխված բեռների մաքսազերծումը սկսել են իրականացնել բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության միջոցով՝ պահանջված գումարները վճարել են կանխիկ եղանակով՝ առանց պատշաճ ձևակերպումների», - ասված է ԱԱԾ 2018-ին տարածած հաղորդագրության մեջ։
Իրավապահներն այդ ժամանակ նշում էին՝ հեղափոխությանը նախորդող ինն ամիսներին տնտեսվարող սուբյեկտներից 37,5 միլիոն դոլար է ստացել, որից 7 միլիոն դոլարն ընկերության անօրինական եղանակով ստացած եկամուտն է եղել:
Դեռ այդ ժամանակ կալանավորվել էին «Նորֆոլկ» ընկերության տնօրեն Արմեն Ունանյանն ու ընկերության ևս երեք պատասխանատու աշխատակիցներ: Օրեր անց տնօրեն Ունանյանը հայտարարել էր, թե ընդունում է իրենց առաջադրված մեղադրանքն, ըստ որի չարամտորեն խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Հայտնել է, որ իր նախաձեռնությամբ «կատարել է 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վճարում, և, որ 7-10 օրվա ընթացքում պատրաստվում է վճարել ևս 1.5 միլիոն դոլար»։
Այսօր Վարդան Հարությունյանի կալանքի դատական նիստից հետո Հարությունյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը պնդեց, թե մեղադրանքն ամբողջովին անհիմն է, և որ դեռ 2018-ին իրականացված քննության ժամանակ Վարդան Հարությունյանի կապն այս ընկերության հետ հերքվել է:
Վարդան Հարությունյանը նախկին իշխանությունների օրոք հիմնականում աշխատել է «ՀայՌուսգազարդ»-ում, զբաղեցրել է բարձր պաշտոններ, ընդհուպ մինչև գլխավոր տնօրեն: 2016 թվականին նշանակվել է ՊԵԿ նախագահ և պաշտոնից ազատվել իշխանափոխությունից օրեր անց:
Մինչ Հակակոռուպցիոն դատարանն այսօր քննում էր Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը, դատարանի մոտ հավաքվել էին մոտ երկու տասնյակ մարդիկ, որոնք ներկայանում էին որպես Հարությունյանի հարազատներ ու ընկերներ: Ասացին՝ Վարդան Հարությունյանը մշտապես բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում: Նրանք չհայտնեցին՝ Հարությունյանն ինչով էր զբաղվում Ռուսաստանում, միայն նշեցին, որ այս օրերին կարճատև այցով է եկել Հայաստան, որտեղ էլ անմիջապես ձերբակալվել է:
Օրեր առաջ մամուլում առաջիկա ընտրություններին որպես վարչապետի հնարավոր թեկնածու շրջանառվում էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անունը, ում օրոք պաշտոնավարել է Վարդան Հարությունյանը: Լրագրողները կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին ուղիղ հարցրել էին՝ արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Կարապետյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր: Ավելի ուշ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի Էջում տեղադրված մի հոդվածում կրկին խոսվել էր այն մասին, որ Կարապետյանին աջակցող ընդդիմադիր ուժերի ընտրական ցուցակը կարող է գլխավորել հենց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կալանավորված գործարարին հրապարակավ աջակցություն հայտնած նախկին վարչապետը որևէ կերպ այս լուրերին չի արձագանքել: Վարդան Հարությունյանն, ըստ մամուլի, իր ընտանիքի անդամների հետ նաև մասնակցել է հաջակցություն կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հրավիրված հանրահավաքին: