Ընդամենը հինգ տարի առաջ ընդունված օրենքն արդեն հնացել է: 2020-ին օրենսդիրը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք ընդունեց, նշելով, որ այն լիովին համապատասխանում է ժամանակի պահանջներին։ Բայց ահա այսօր կառավարությունը նոր փոփոխություններով այն դրել է հանրային քննարկման՝ պնդելով, թե օրենքի կիրառման ընթացքում իրավական խնդիրներ և անորոշություններ են ի հայտ եկել։
Նոր նախագիծը, որը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, խոստանում է «հստակեցնել» կարգավորումները և «պաշտպանել» քաղաքացիներին վնասակար տեղեկատվությունից։ Սակայն մեդիա փորձագետներն այլ կարծիքի են: Արթուր Պապյանն ասում է՝ այն կարող է իշխանության համար անցանկալի ձայները լռեցնելու հնարավորություն դառնալ։
«Երբ տեսնում ես, որ օրենքի հետևում ինչն է կանգնած, կոնկրետ քաղաքական նպատակահարմարություն է, այլ ոչ թե իրապես ցանկությունը՝ բարելավելու ոլորտը: Սա է, որ ինձ համար առավել մտահոգիչ է այս պարագայում», - ասաց նա:
2020-ին ընդունված օրենքը սահմանափակում էր միայն «օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելը»։ Նոր նախագծով սահմանափակումները մանրամասնել են՝ արգելվում է՝ «սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ, բռնություն և դաժանություն քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվության», ինչպես նաև «քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչերի տարածումը»։
Առաջարկվում է, որ այս պահանջը չկատարած լրատվամիջոցներն ու հեռարձակողները խախտման մասին ծանուցումից հետո պետք է դադարեցնեն հաղորդումը, հակառակ դեպքում տուգանք է նախատեսված, ընդհուպ մինչև լիցենզիայի կասեցում կամ դադարեցում:
Նախագծի հեղինակները հատուկ ուշադրություն են դարձրել ուղիղ եթերներին: Եթե գործող օրենքում հեռարձակողը պարտավոր է ուղիղ եթերում զգուշացնել արգելված կոչի հեղինակին, իսկ կրկնակի կոչի դեպքում դադարեցնել եթերը, ապա այս նախագծում հատուկ շեշտադրված են սահմանադրական կարգի տապալման և պատերազմ քարոզելու կոչերը: Հենց միայն այս դեպքում է, որ հեռարձակողը պարտավոր է նախ զգուշացնել, ապա ընդհատել հեռարձակումը:
Ըստ կառավարության՝ այս հստակեցումները կօգնեն պայքարել ատելության խոսքի և մանիպուլյացիաների դեմ։ Իսկ մեդիա փորձագետ Արթուր Պապյանն ասում է՝ «իշխանությունները, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, այս կամ այն հայտարարությունը կարող են համարել սահմանադրական կարգի տապալման, բռնության կամ արգելվող այլ տեղեկատվություն և պատժել իրենց համար անցանկալի լրատվամիջոցին»։
«Օրինակ՝ տեսալսողական մեդիայում ատելության խոսքն արգելվում է, իսկ հանրահավաքների ժամանակ թույլատրվո՞ւմ, իսկ օրինակ՝ Թվիթերով կամ Ինստագրամով թույլատվում է...դա ո՞նց է կարգավորվելու: Այսինքն՝ մեզ մոտ ընդունվում են որոշումներն այդպես՝ ինչ-որ մեկը հանրահավաքի ժամանակ խոսեց, գնանք, կարգավորենք, առանց խորամուխ լինելու, թե դա դոմինոյի էֆեկտով ինչի է հանգեցնելու, էլ որտեղ է վնաս տալու՝ առանց ողջամիտ գնահատականների», - ասաց Պապյանը:
Մեդիա փորձագետը մտավախություն ունի, որ առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ ավելի շատ սուր քաղաքական խոսք կհնչի։ Պապյանը կասկած ունի, թե խոսքի ազատությունը սահմանափակող այլ փոփոխություններ էլ կլինեն «քաղաքական նպատակահարմարությունից ելնելով», քանի դեռ իշխող ուժը մեծամասնություն ունի, ու հեշտությամբ ընդունվում է ցանկացած նախագիծ:
Օրենքի նոր նախագիծը, կարծես, ամենուր է փորձում վերահսկողության թելեր գցել։ Նոր կարգավորումներ են առաջարկվում նաև հեռուստատեսության և ռադիոյի գովազդի ու ֆինանսավորման դաշտում։ Մեդիա փորձագետն այստեղ էլ մտահոգություններ ունի՝ ի վերջո, մեդիայի համար որոշիչ է հենց նրա ֆինանսավորման աղբյուրը։
Մեկ այլ կարևոր փոփոխություն էլ օտարերկրյա տեսալսողական ծրագրերին է վերաբերում։ Օրենքի փոփոխությունն ընդունվելու դեպքում նման ծրագրերը Հայաստանում վերահաղորդվելուց առաջ պետք է ստանան Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թույլտվությունը՝ հավաստելով, որ այն համապատասխանում է Հայաստանի օրենսդրությանը։ Նախագծում ասվում է, որ «հանձնաժողովն իրավասու է վերանայելու տրված թույլտվությունը»։ Կառավարությունն իր քայլը բացատրում է նրանով, որ օտարերկրյա մեդիաները երբեմն «պարտադրում են մեր հանրային և պետական շահերի հետ չհամընկնող տեղեկատվական օրակարգեր»։
Կառավարությունը՝ ի դեմս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, այս նախագիծը մշակել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ու «Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտե»-ի առաջարկությունների հիման վրա։ Նախագիծը տեղադրվել է օնլայն հարթակում, և քաղաքացիներն ու փորձագետները կարող են առաջարկներ ներկայացնել մինչև օգոստոսի 22-ը։