«Երեկ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո ես երկար հեռախոսազրույց եմ ունեցել իմ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ», - այսօր Կահիրեում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ զրույցի հիմնական թեման եղել է «Զանգեզուրի միջանցքը»։
«Եթե «Զանգեզուրի միջանցքի» մեր ռազմավարությունը կյանքի կոչվի, դա այն տրանսպորտային միջանցքի կարևորագույն հատվածը կլինի, որ մեկնարկելով Եվրոպայում ուղիղ գծով կհասնի Ասիայի խորքերը», - նշել է Ֆիդանը՝ պնդելով, որ այդ ճանապարհը «թյուրքական աշխարհը կկապի Եվրոպայի հետ՝ Թուրքիայի միջոցով»։
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։