Քննչական կոմիտեն մեկուկես ամսում ավարտեց Տավուշի թեմի նախկին առաջնորդի և նրա համախոհների գործի քննությունն ու ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն հոդվածներով մեղադրվող 18 անձանց գործն ուղարկեց դատախազություն:
Հսկող դատախազը կա'մ կհաստատի մեղադրականն ու գործը կուղարկի դատարան, կա'մ հետ կվերադարձնի Քննչական՝ քննությունը շարունակելու:
Վարչապետի հրաժարականի պահանջով անցած տարի փողոցային ակցիաներ անցկացրած «Սրբազան պայքար» շարժման անդամները հերքում են ծանր հոդվածներով իրենց առաջադրված մեղադրանքը, պնդում, որ իրենք գործել են օրենքի սահմաններում, Քննչականի փաստարկներն անհիմն են համարում, գործն էլ՝ շինծու:
«Կա խոսակցություն, որ էսինչ գործողությունը պետք է անենք, հաջորդիվ երկու բառ՝ օրինական եղանակով: Քննչական կոմիտեի ձայնագրության մեջ օրինական եղանակն արտահայտությունը դուրս է բերվել և ստացվում է՝ պետք է անենք այսինչ գործողությունը», - ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանի փաստաբանը ստացել է գործի նյութերը: Հովհաննես Խուդոյանը դեռ ծանոթանում է ծավալուն փաստաթղթերին:
Ըստ փաստաբանի, Քննչականի հրապարակած ձայնագրությունները մոնտաժված են, աղավաղում են իրականությունը: Իրավապահները պնդում են՝ ապացույցները, այդ թվում՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցների հեռախոսային գաղտնալսումները վկայում են այն մասին, որ նրանք հենց ահաբեկչություն էին պլանավորում՝ հասնելով ընդհուպ վարչապետին:
Գլխավոր դատախազն էր այս մասին խոսել Հանրայինի եթերում. - «Բարձրաստիճան պաշտոնյաներին եթե սարկավագներից մեկն է հարցնում, թե որ սպանեն, ի՞նչ կլինի, և այդ միտքն այնպես չէ, որ մի անգամ ինչ-որ պոռթկում էր, էլի քննարկում էր այս հարցի շուրջ: Հիմնական պաշտոնյաներն, ովքեր թիրախում էին, վարչապետն էր, ԱԺ նախագահը և արտաքին գործերի նախարարը»:
Ըստ Աննա Վարդապետյանի՝ ահաբեկչության ու իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մասին վկայում են նաև առգրավված հրավտանգ նյութերը, զենքերը, երթևեկությունը խաթարող պարագաները:
«Բացի խաղաղ ակցիաներից, իրականացնեին գործողություններ, որոնք պետք է պարալիզեին փողոցի երթևեկությունը, կարող էին հանգեցնել որոշակի նաև, իրենք էլ չեն բացառում, մարդկային կորուստների, պետք է վնասեին մեքենաների անվադողները, որպեսզի մեքենաները չկարողանային շարժվել այդ՝ հայտնի աստղիկների հետ կապված քննարկումները, որոնք ծավալվում էին», - նշել է Վարդապետյանը:
Սակայն ընդդիմադիրների փաստաբանները շարունակում են պնդել՝ իրավապահները թաթախվել են քաղաքականության մեջ. - «Միանշանակ բոլոր այս գործողություններն իրենց ամբողջությամբ՝ և՛ իրավապահների գործողությունները, և՛ իրենց ընտրողական և մանիպուլյատիվ գործողությունները, և՛ զուգորդված վիրավորանքներով, զրպարտություններով, օրենքի խախտումներով ուղղորդված քարոզչական արշավով, այս ամենը վկայում է, որ սա նախապես իրավապահների և քաղաքական ուժի միջև պլանավորված արշավ է, քաղաքական հետապնդում ընդդիմադիր հայացք ունեցող անձանց դեմ»: